Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների կատարողականի ներկայացում (2024թ. օգոստոսի 19 – օգոստոսի 30-ը ներառյալ). (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) –Նշված ժամանակահատվածում աշխատակազմ մուտքագրվել է 397 մտից գրություն և դիմում (օրական՝ շուրջ 40), պատրաստվել է 242 ելից (օրական՝ շուրջ 24) գրություն։ Տեղի է ունեցել Աշխատակազմի փաստաթղթաշրջանառության ծավալների նվազում, ինչը կապված է նախագծման և շինթույլտվությունների ներկայացման հարթակի՝ https://permits-backend.e-gov.am/am/dashboard ներդրման և գործարկման հանգամանքով։ Վերոնշյալ ընթացակարգերի վերջնական ներդրումից հետո սպասվում է փաստաթղթաշրջանառության ծավալների էական ավելացում։ Հանձնարարականների ժամկետի խախտումով կատարման դեպքեր չեն արձանագրվել։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։ Բացի այդ, լուրջ ուշադրություն դարձնել քաղաքացիներից և տարբեր կազմակերպություններից ստացված գրություններին և դիմումներին ի պատասխան ձևավորված ելիցներին, շարունակաբար կատարելագործել դրանց բովանդակային բաղադրիչը։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։
2.Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթի մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Աշխատակազմում օգոստոսի 30-ին կայացան համայնքային ծառայության երկու թափուր պաշտոնի՝ աշխատակազմի ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի և նույն բաժնի գլխավոր մասնագետի մրցույթները։ Համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվեցին հաղթող մասնակիցներ, ընթացիկ շաբաթվա ընթացքում կկատարվեն համապատասխան նշանակումներ։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։
3. Աբովյան համայնքի ենթակայությամբ գործող կազմակերպություններում (մանկապարտեզներ) մշտադիտարկման և այլ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ.
(Մ.Բաղդասարյան, Է. Բաբայան) – Նշված ժամանակահատվածում ընդունվել են Աբովյան համայնքի մանկապարտեզներ հաճախելու համար առցանց 56 դիմում։ Կատարվել են ընդունման հանձնման աշխատանքներ Աբովյան համայնքի թիվ 12 մանկապարտեզում՝ նոր տնօրենի նշանակման արդյունքում։
Կազմակերպվել է խորհրդակցություն Աբովյան համայնքի ենթակայության մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են ՀՈԱԿ-ներին առաջնային անհաժեշտության գույքի ձեռքբերման աշխատանքները, ինչպես նաև նոր՝ 2024-2025թթ ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված հարցերը։
Ավարտվում է 2021 թվականին ծնած երեխաների հիմնական ընդունելությունը Աբովյան համայնքի մանկապարտեզներում։ Մանկապարտեզների հերթում սպասում է 85 երեխա, ընդհանուր առմամբ առկա է 26 թափուր տեղ։
(Է. Բաբայան Մ. Բաղդասարյան, Դ. Երեմյան) – Ընդունվեց ի գիտություն։
4. Քաղաքաշինության և հողաշինարարության ոլորտում տիրող իրավիճակի և ընթացիկ աշխատանքների մասին.
(Ե. Ավետիսյան, Է. Բաբայան) – Ինչպես հայտնի է, սույն թվականի օգոստոսի 1-ից նախագծման, շինարարության թույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Մինչ օրս https://permits-backend.e-gov.am/am/dashboard հարթակի միջոցով տրվել է նախագծման 4 թույլտվություն։Վերոնշյալ հարթակն ունի շարունակական կատարելագործման կարիք, որի վերաբերյալ արդեն իսկ մի քանի առաջարկություններ են ներկայացվել Քաղաքաշինության կոմիտե։ Շինթույտվությունների մասով դեռևս կա խնդիր, քանի որ մինչ այս պահը չի չեղարկվել ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 09-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 1036-Ն որոշումը, իսկ ահա Աբովյան համայնքի ավագանու 13.08.2024թ. N 111-Ն որոշումն արդեն իսկ հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հարթակում։ Առաջացած իրավական խոչընդոտն հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ, պաշտոնական գրություն է ուղարկվել արդարադատության նախարարություն։ Ինչ վերաբերվում է ՀՀ կառավարության 23.02.2024թ. N 243-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին, ապա Կադաստրի կոմիտե ուղարկվող գրությունները մուտքագրվում են վերջինիս կայք՝ քաղաքացիներին տրամադրելով QR կոդ։ Մինչ ներկա պահը ստորագրվել և ուղարկվել է 72 գրություն և որոշում։
(Է. Բաբայան, Ե. Ավետիսյան) – Ընդունվեց ի գիտություն։ Միաժամանակ հանձնարարվեց համայնքի տարածական պլանավորման փաստաթղթի վերջնական ներդրման ուղղությամբ քայլերն իրականացնել շարունակական հետևողականությամբ։
5. Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին նաև համայնքի տարբեր ոլորտներին վերաբերելի այլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին նաև այլ բանավոր ցուցումներ և հանձնարարականներ։ |