Փառատոնի նպատակն է հայտնաբերել, խրախուսել, աջակցել  և   հանրությանը   ճանաչելի դարձնել գրական ձիրքով օժտված մարզի  երիտասարդներին, նրանցից առավել շնորհալիների  ստեղծագործությունները հրատարակել մեկ ընդհանուր ժողովածուի  տեսքով  և  շնորհանդեսի միջոցով նպաստել նոր սերնդի և քաղաքացու գեղագիտական ճաշակի ձևավորմանը,  խթանել և  աշխուժացնել մարզի  գրական-մշակութային կյանքը: 
   Շնորհանդեսի հեղինակներն ու ստեղծագործություններն ընտրվելու են մրցութային կարգով`  մարզի և հանրապետության անվանի  գրողներից և մշակութային գործիչներից, ինչպես նաև մարզպետարանի ներկայացուցիչներից կազմված Գնահատող հանձնախմբի կողմից: Փառատոնի անցկացման կանոնակարգի մասին  մարզի համայնքները, կրթամշակութային հաստատությունները և ստեղծագործող երիտասարդները  իրազեկվում  են շուրջ մեկ ամիս առաջ`  համապատասխան գրություններով, էլեկտրոնային լրատվամիջոցներով և ֆեյսբուքով: 
     Փառատոնին կարող են մասնակցել բանաստեղծական ձիրքով օժտված  մարզի 16-35 տարեկան բնակիչները: Ներկայացվող ստեղծագործությունների թիվը  չպետք է գերազանցի  սահմանված չափաքանակը` մեկ  պոեմ  կամ հատված պոեմից/ութ էջի սահմաններում/ և/կամ  10-ը / այդ թվում` արձակ/ բանաստեղծություններ:  Հեղինակները ստեղծագործությունների հետ / բոլորը Word ֆայլի տեսքով, sylfaen, 12 տառատեսակով/ մինչև ս/թ սեպտեմբերի 30-ը մրցույթ- փառատոնի կազմկոմիտե / cooperation.kotayk@gmail.com /  էլեկտրոնային հասցեին/ պետք է ներկայացնեն նաև հակիրճ  կենսագրություն/ երրորդ դեմքով/` կից նշելով իրենց  բնակավայրը, հեռախոսի համարը և էլփոստի հասցեն, ինչպես նաև/  ցանկության դեպքում/ որևէ  բանաստեղծության տեսաձայնագրություն` /տևողությունը` մինչև երկու րոպե/:  
     Փառատոնի հանրահռչակման նպատակով մարզպետարանի ֆեյսբուքյան էջում  բացվելու է հատուկ blog, որտեղ պարբերաբար տեղադրվելու են մի քանի բանաստեղծություններ և հեղինակների կատարմամբ դրանց  ասմունքի տեսաձայնագրություններ:  Ստացված հայտերը   Կազմկոմիտեն տրամադրելու  է Գնահատող հանձնախմբին, որի հավանության արժանացած առավել շնորհալի հեղինակների լավագույն ստեղծագործությունները հրատարակվելու են  գրական ալմանախի տեսքով: Այնուհետև Աբովյանի պետական քոլեջում գտնվող  նորակառույց loft ոճի հանրային գրադարանում անցկացվելու է Գրական ժողովածուի շնորհանդեսի, որին մասնակցելու են նաև պետական, քաղաքական ու մշակութային  գործիչներ: Նրանք, ցանկության դեպքում, կընթերցեն  իրենց նախընտրած հեղինակի ստեղծագործությունից մի հատված/ գրքերը նրանց նվիրվելու են նախապես/:
     Հրատարակված գրքերից մեկական օրինակ  կտրվեն  նաև Ազգային, մարզային և համայնքային գրադարաններին:
     Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար դիմել փառատոնի կազմկոմիտեի  պատասխանատու քարտուղար  Մինաս Պետրոսյանին/ 077-92-77-43/: