Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ՀՀ-ում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով՝ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշմամբ հաստատվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և բնակավայրերի ցանկը:
Աջակցության ծրագիրն իրականացվում է հետևյալ եղանակներով.
1. Բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում
2. Անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում
3. Գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն:
Աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով որոշվում է ըստ շահառու ընտանիքի կողմից ընտրված բնակավայրերի, մասնավորապես՝ աջակցության չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է՝
5 մլն դրամ, եթե շահառու ընտանիքը ընտրել է բնակարան N2 հավելվածով հաստատված ՀՀ առանձին բնակավայրերի ցանկից.
4 մլն դրամ, եթե շահառու ընտանիքը ընտրել է բնակարան N3 հավելվածով հաստատված ՀՀ առանձին բնակավայրերի ցանկից.
3 մլն դրամ վերոնշյալ N2 և N3 հավելվածներում չներառված բակավայրերում բնակարանի ձեռքբերման դեպքում՝ բացառությամբ նաև Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված 1-ին և 2-րդ գոտուց.
2 մլն դրամ հիփոթեքային գործող վարկի մարման աջակցության դեպքում՝ բացառությամբ Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված 1-ին և 2-րդ գոտուց:
Ծրագրի հիմնական պայմաններն են.
Շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն
Ընտրված տան մակերեսը ընտանիքի մեկ անդամի հաշվով չպետք է պակաս լինի 12 քմ-ից
Գույքի արժեքը չպետք է գերազանցի 55 մլն դրամը:
2020թ. սեպտեմբերի 27-ից ԼՂ-ից տեղահանված ընտանիքը շահառու չի հանդիսանում, եթե օգտվում է 2022թ. բնակարանային աջակցության ծրագրից:
Ծրագրով նախատեսված աջակցությունը դադարեցվում է, եթե ընտանիքի 55 տարին չլրացած առնվազն 2 չափահաս անդամներից յուրաքանչյուրը կամ 1 անչափահաս անդամը նույն օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր գտնվում են ՀՀ-ից դուրս՝ բացառությամբ ծրագրով հաստատված ուսումնառության դեպքերի:
Ծրագիրն իրականացվելու է 5 տարվա (2024-2029թթ.) ընթացքում՝ երեք փուլով.
1-ին փուլով շահառուները կարող են դիմել ծրագրի իրականացման կարգի հաստատումից՝ հունիսի 15-ից հետո, որը ներառում է 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, անհատական բնակելի տան կառուցման դեպքում 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, ծրագրով սահմանված խոցելի խմբերը և ֆինանսական կազմակերպության կողմից վարկունակ համարվող ընտանիքները.
2-րդ փուլը մեկնարկում է ոչ ուշ, քան 2026թ. հունվարի 1-ը և ընդգրկում է 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, անհատական բնակելի տան կառուցման դեպքում առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքները:
ծրագրի 3-րդ փուլը մեկնարկում է ոչ ուշ քան 2027թ. հունվարի 1-ը և վերաբերում է ցանկացած կազմով ընտանիքներին:
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը՝ Հավելված N1, ՀՀ-ում առանձին բնակավայրերի ցանկերը՝ Հավելված N2 և N3 կցվում են:
Առաջին փուլով շահառու ընտանիքների դիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ.
Հարցերի դեպքում կարող եք դիմել Աբովյանի համայանքապետարան: