ԻՐԱԶԵԿՈՒՄ
Հարգելի՛ քաղաքացիներ.
ՀՀ ՍԱՏՄ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ վերջին ժամանակահատվածում խիստ անհանգստացնող է դարձել կատաղություն հիվանդության դեպքերի աճը:
Հիվանդությունը հիմնականում արձանագրվում է թափառող կենդանիների և չպատվաստված տնային կենդանիների մոտ, որը կենդանու ճանկռելու, կծելու հետևանքով փոխանցվում է նաև մարդկանց:
Կատաղությունը վարակիչ հիրվանդություն է, որը կարող է պատճառ դառնալ մարդկանց և կաթնասունների գլխուղեղի բորբոքման, արտահայտվել կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվել շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական և կլման մկանների ջղաձգումներով: Կլինիկական ախտանիշների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:
Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր են գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները, իսկ կենցաղում ընտանի (շներ, կատուներ) և գյուղատնտեսական (խ.ե.կ.) կենդանիները:
Հարգելի՛ քաղաքացիներ.
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք զգուշանալ և հնարավորինս նվազեցնել անմիջական շփումը վարակի աղբյուր հանդիսացող կենդանիների հետ, ինչպես նաև ընտանի կենդանիներ՝ շներ և կատուներ պահող անձանց հորդորում ենք իրականացնել կատաղություն հիվանդության դեմ պատվաստման պարտադիր պահանջը:
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Աբովյանի համայնքապետարանը պարբերաբար կատարվող ստերջացման աշխատանքների շրջանակում իրականացնում է պայմանական առողջ թափառող շների և կատուների իմունականխարգելիչ պատվաստում կատաղություն հիվանդության դեմ: